armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զավեշտալի է համարում այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար, և, երբ եկել է ժամանակը, որպեսզի կառույցը գոնե քաղաքական գնահատական տա, այդ գնահատականը բավարար չի եղել:
«Զավեշտալի է. ՀԱՊԿ-ին անդամակցել ենք ումի՞ց պաշտպանվելու համար: Երկու պատասխան դրան չկա՝ թուրք-ադրբեջանական տանդեմից: Ու, երբ եկել է ժամանակը, որ գոնե քաղաքական գնահատական տրվի, այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել:
Դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը ուղղակի հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը (Հայաստանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը-խմբ.)՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականն, այնուամենայնիվ, տեղ կգտնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը ընդգծեց, որ փաստաթուղթը պարտադիր պետք է վերանայվի:
«Դա տրամաբանությունն է, դա գործելաոճն է, որը դրված է կառույցի հիմքերում»,- ընդգծեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը։