ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց` կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը սահմանազատման գործընթացի և երեկ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտարարություն է տարածել, որում նշվում է․

« «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն օրեր առաջ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իշխող վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` այն հարվածի տակ դնելով և մեր հայրենիքը փաստացի մաս-մաս վաճառքի հանելով։ 

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առանց համապարփակ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման իրականացված աշխատանքների և դրանց հիման վրա ԱԺ-ի կողմից վավերացված փաստաթղթերի (դրանց սահմանադրականությունը պետք է հաստատվի նաև Սահմանադրական դատարանի կողմից)` չի կարելի իրականացնել զորքերի տեղաշարժ։

Ցանկացած մեկը՝ լինի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, թե այլ մեկը, եթե առանց ԱԺ-ի վավերացրած նմանատիպ փաստաթղթի` իրականացնի զորքերի նահանջ և սահմանների փոփոխություն, ենթարկվելու է անխուսափելի քրեական պատասխանատվության` որպես պետական դավաճանի:

Հիշեցնենք նաև, որ ըստ Սահմանադրության 205-րդ հոդվածի` սահմանների ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով: Ցանկացած միակողմանի զիջում քրեորեն պատժելի հանցանք է։

Ստեղծված պայմաններում ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց` կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։ 

Միաժամանակ` ստեղծված աղետաբեր գործընթացի կանխման նպատակով կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր ուժերին՝ կուսակցություններին, կազմակերպություններին և ազդեցիկ անձանց, սկսել քննարկումներ, որոնց նպատակը պետք է լինի ջանքերի մեկտեղումն ընդդեմ այս թշնամական վարչախմբի: 

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստ է դառնալ քննարկումների այդ հարթակը և առաջարկում է շահագրգիռ բոլոր ուժերին` համախմբվելու ու կանխելու ահագնացող աղետը»։

Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով