armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի գրառումներից X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
«Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», – գրել է Զելենսկին։
Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին՝ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցության հռչակագիրը ստորագրելու համար։
Հունաստանում նաև կազմակերպվել է Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովը։ Զելենսկին հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ օգոստոսի 22-ին կհանդիպի Բալկանյան մյուս երկրների ղեկավարների հետ։