Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։
Առաջարկվող փոփոխություններից մեկով համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի համար կնախատեվսեն առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը:
Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակում, ինչպես եղել է ԱԺ ընտրությունների ժամանակ:
Նախագծի հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասաց՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում որոշել են, որ այս դրույթը ուժի մեջ կմտնի 2023 թ․-ի հունվարի 1-ից, քանի որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են և կարող են ի հայտ գալ տեխնիկական խնդիրներ։
Հովհաննսիյանը նաև նշեց՝ օրինագծով սահմանվում է, որ կուսակցությունների, դաշինքների անունները չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ։
«Ընտրություններից առաջ դաշինքներ են ձևավորվում անուն-ազգանունով։ Մենք ընտրել ենք համամսանական ընտրակարգը և հաջողել ենք այս ընտրակարգում, ընտրական գործընթացներում գրանցել ենք առաջընթաց, և ըստ էության, անուն ազգանուններով, դաշինքներով մասնակցելը ընտրություններին մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունն է»,-ասաց Հովհաննիսյանը։
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ, 0 դեմ ձայներով։