news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 21-ին, բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։
Ծնողները նույն պահանջով ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։
Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։
«Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներին անհարմարություն պատճառելու համար, բայց պայքարի այլ ձեւ չի մնացել»,- ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։
«5000-ի գլուխն էլ դուք կերեք, մեր երեխեքին էլ դիտավորյալ սպանեցիք։ 18 տարի երեխա ենք պահել, որ սպանե՞ք»։