armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի տեղակայումը նշանակում է, որ Արցախի 120 հազար խաղաղ հայեր պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։
Էդմոն Մարուքյանը նշել է. «Արդեն մոտ 2 տարի է, ինչ մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությամբ։ Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղակայել, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Սա նշանակում է, որ 120 հազար խաղաղ հայեր հայտնվել են Լեռնային Ղարաբաղում և որպես պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից։ Դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ հայցքի ներքո։ Ավելին, Սա արդյունք է մարդու իրավունքների չդադարող կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին ոճրագործությունների նկատմամբ հանդուրժողականության»:
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր՝ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, թե «Հայաստանի հետ սահմանին» սահմանային անցակետ են տեղադրել։
Արցախի Անվտանգության խորհուրդը միաձայն հայտարարություն էր ընդունել՝ դիմելով Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ՝ կոչ անելով ՌԴ-ին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը»։