tert.am: Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։
Երկրի ղեկավարը նշել է Եվրամիության, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ նախաձեռնությամբ արդեն կայացել է 2 եռակողմ հանդիպում:
«Մենք նաև հեռախոսազրույցներ ենք անցկացնում։ Նախատեսվում է մայիսի սկզբին կրկին անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում։