Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չհրահրված, չարդարացված ագրեսիան, քանի որ որպես ագրեսոր պետություն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, և նրա գործողությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ՊՆ-ն հերքել է Վարդենիսի գնդակոծության մասին լուրերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իբր հայկական կողմը կիրառել է իրականական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը իրանական ԱԹՍ-ներ չունի։