Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավոր է։
Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, դեսպանատուն ներխուժած անձը ձերբակալվել է։ Նրա խոսքով՝ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ։
Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են դեսպանատան բակի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, որ անձը մեքենայից իջնում և ներս է մտնում միայնակ, շենքի ներսի տեսագրություններում նույնպես անձը միայնակ է։
TRT Haber-ը հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն դեպքի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է կարճ ժամանակում տարհանել Թեհրանում Բաքվի դեսպանատան իր աշխատակիցներին․
«Մենք դատապարտում ենք այս հարձակումը և պահանջում, որպեսզի որքան հնարավոր է շուտ պարզվեն այս հարձակման հեղինակներն ու հրահրողները։ Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ Իրանը պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեր մեր դեսպանատան վրա ցանկացած հարձակման դեմ։ Իրանը պետք է կանխատեսեր այս հարձակումը: Ցավոք, դա չի իրականացվել»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
ԱԳՆ խոսնակը նաև նշել է՝ «մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։
«Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում և գրասենյակներում հակաադրբեջանական արշավ է իրականացվում։ Մենք կարծում ենք, որ այդ արշավն է հարձակումների պատճառ դարձել։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում Ադրբեջանի դեմ արշավի դեմ»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես դատապարել է դեսպանատան վրա հարձակումը՝ որակելով այն «ահաբեկչություն»․
«Մենք պահանջում ենք, որ այս ահաբեկչությունը հնարավորինս արագ հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակումներն անընդունելի են» – թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Իլհամ Ալիևը։