Ադրբեջանը Իրանի ԱԳՆ հայտարարությունը որակել է «հակաադրբեջանական հերթական քայլ»

Ադրբեջանի ԱԳ նախարարությունից արձագանքել են Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի հայտարարությանը և նշել, թե նախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայելի արտգործնախարարի հետ ճեպազրույցում Իրանի դեմ որեւէ դիրքորոշում չի հայտնել։ 

«Ադրբեջանը երբեք թույլ չի տվել իր տարածքն օգտագործել երրորդ երկրների դեմ։ Ընդհակառակը, վերջին ժամանակները Իրանի կողմից Ադրբեջանի դեմ սպառնալիքներ ու սադրանքներ են հնչել»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հիշեցնելով, որ «Իրանի կողմից Ադրբեջանի սահմանի երկայքնով զորավարժություններ է անցկացնելու փաստը, իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը» և այլն։  

Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի հայտարարությունը՝ այն որակելով «հակաադրբեջանական հերթական քայլ»։ 

ԱԳՆ-ն նաև հայտարարում է, թե «իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին»։ 

Հիշեցնենք, որ մարտի 29-ին հանդիպել էին Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որի ժամանակ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել էր․ «Իսրայելն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում Իրանից եկող սպառնալիքը: Իրանական ռեժիմը սպառնում է մեր տարածաշրջաններին, մեր ֆինանսական հնարավորություններին, զբոսաշրջությանը և ապակայունացնում է ողջ Մերձավոր Արևելքը: Դրա համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական, տնտեսական գործիքներ, ինչպես նաև ձևավորել հուսալի և ուժեղ ռազմական ուժեր»։ 

Այսօր Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը՝ նշելով․ «Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»,-ասել է Նասեր Քանանին` նշելով՝ Ադրբեջանի իշխանություններից բացատրություն են պահանջում: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով