Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս՝ Գրանադա այցը չեղարկելու վերաբերյալ լուրերի ֆոնին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Շոլցը հայտնել է Գերմանիայի աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ Բրյուսելում ընթացող պրոցեսները։ Նա բարձր է գնահատեկ ՄԱԿ-ի առաքելության այցը Ստեփանակերը՝ այն անվանելով դրական քայլ։
«Ադրբեջանի ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին և սերտորեն աջակցում է Բրյուսելյան պրոցեսները»,- հայտնում է ադրբեջանական կողմը։
Ալիևը նաև Շոլցին է ներկայացրել «Ղարաբաղի հայերին ուղղված աջակցության» մանրամասները՝ մեջբերելով ՄԱԿ-ի առաքելության՝ Ստեփանակերտ կատարած այցից հետո արված հայտարարությունը։
Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կանցլերը մերժել է ռազմական ուժի կիրառումը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան մեծապես նվիրված է բանակցային լուծմանը և Ադրբեջանի ու հայաստանի միջև տևական խաղաղությանը՝ հիմված Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա․ «Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԵՄ խորհրդի նախագահի ջանքերը»։
Կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և զարգացման հարցում հնարավորինս մեծ թափանցիկության կարևորությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ դրական քայլ է, որի վրա կարելի է հիմնվել։