Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, շարունակում է ԼՂ մուտքի հնարավորության սպասել Կոռնիձորում։
Նա նշեց, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումները ապահովելու համար՝ ընդգծելով, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգարվված են ԼՂ ներկայացուցիչները։
«Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված․ Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի պետական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում։
Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ․ «Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»։