tert.am: Սահմանադրական հարցերով հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ քան Սահմանադրության փոփոխությունների մասին խոսակցություններն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմանյանը՝ պատասխանելով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին հարցին։
Նրա դիտարկմամբ՝ Սահմանադրությունն ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն` հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները։
ԱԺ նախագահի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է ՀՀ-ի գոյությունը։
«ՀՀ-ի գոյությունն արդյոք նրա համար է, որպեսզի վերականգնենք պատմական Մեծ Հայքն ու Փոքր Հայքը, թե՞ Սեպտեմբերի 21-ի մասին է, որ մենք ստացանք անկախություն, թե՞ ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով», – նկատեց Սիմանյանը։
Նա նաև ասաց, որ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնեց, որ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։