news.am: Տավուշի մարզի Կիրանց գյուղում առավոտյան եկել են չափագրումներ են արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին գյուղացիները: Նրանցից մեկը նշեց, որ խնդրել են, որ չափագրումներ չանեն, մինչեւ հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում։
«Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է, դպրոցի դիմացով ճանապարհ պետք է անցնի: Կամ եթե եկեղեցին չեն քանդում, կողքի տունը պետք է քանդեն: մենք թույլ չենք տալու դա տեղի ունենա, ոչ մի բան էլ թույլ չենք տալու: Մեր հարցերին իրենք չեն կարողանում պատասխանել, ինչ հարց տվել ենք, անպատասխան է մնացել:
Սահմանազատումը լինում է համերաշխ հարաբերությունների դեպքում, գոնե փոխզիջումների գնանք: Մենք գյուղից էն կողմ հողեր ունենք, որ իրենց ձեռքին է, թող դա իրենց մնա, բայց մեր եկեղեցին չքանդվի, սահմանը մեր գյուղից մի քիչ հեռանա: Գոնե գյուղից հեռու լինեն, որ մենք հասկանանք՝ ոնց ենք ապրելու այստեղ»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը:
Գյուղացիները վստահեցրեցին, որ իրենք մինչեւ վերջ կանգնելու են, թույլ չեն տալու սահմանի փոփոխություն:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։
«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,- տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։