Շենգավիթում ընդհատակյա խաղատուն է բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ բացահայտվել է խաղատան ապօրինի գործունեության դեպք: Մասնավորապես, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն:

Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն:

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդահատկյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում, խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին, և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու: 

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիմքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Խաղատան կազմակերպիչների ապօրինի գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ: Միջոցներ են ձեռնարկվում խաղատան գործունեության ընթացքում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով