Նիգերում պետական հեղաշրջում իրականացրած խումբը Ֆրանսիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նիգերում հեղաշրջումը տեղի է ունեցել հենց հակաֆրանսիական տրամադրությունների ֆոնին։ Հեղաշրջում իրականացրած խումբը նշում է՝ այսպիսի որոշում է կայացվել՝ ի պատասխան «Ֆրանսիայի կառավարության կողմից ձեռնարկված գործողություններին, որոնք հակասում են Նիգերի շահերին»:
Ֆրանսիայի Արգործնախարարությունից էլ հայտնել են, որ ի գիտություն են ընդունել, իրենց ձևակերպմամբ, խռովարարների, պահանջը, ինչպես նաև նշել, որ վերջիններս իրավասու չեն այդպիսի պահանջ ներկայացնել դեսպանին։
Չհաստատված եղեկություններ են տարածվում այն մասին, որ Նիգերում հեղաշրջում իրականացրած խումբը նպամանատիպ պահանջներ է ներկայացրել նաև Գերմանիայի և Միացյալ Նահանգների դեսպաններին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հերքել է, որ իրենց դեսպանին նման պահանջ է ներկայացվել։ Գերմանական կողմից դեռևս մեկնաբանություն չկա։
Գլխավոր լուսանկարը՝ Նիգերում տեղի ունեցած բողոքի ակցաիներից (լուսանկարը՝ Reuters-ի)