hetq.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր կեսօրից հետո լքել է Թայվանը, որտեղ այցելել էր երեկ երեկոյան, չնայած Չինաստանի խիստ քննադատությանը։ Փելոսիի օդանավը Սունշան օդանավակայանը լքել է տեղի ժամանակով 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00-ին) և ուղղվել դեպի Հարավային Կորեա։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի պաշտոնյան խաղաղօվկիանոսյան այդ կղզում մնաց 19 ժամ։
Փելոսին Թայվան էր այցելել Արևելյան Ասիայի երկրներ իր այցի շրջանակներում։ Թայբեյում նա հանդիպել է Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ և այցելել տեղի խորհրդարան։ Փելոսին վերջին 25 տարիներին ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է մասնակի ճանաչված այդ կղզի։
Ինվենի հետ հանդիպման ժամանակ Փելոսին նշել է, որ իր այցով նա հույս ունի «հասկացնել, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի Թայվանի առջև իր պարտավորություններից»։ «Հենց հիմա աշխարհում պայքար է ընթանում բռնապետության և ժողովրդավարության միջև»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փելոսին՝ հավելելով, որ այցի նպատակներից մեկն է «աշխարհին ցույց տալ Թայվանի ժողովրդի հաջողությունը, իր երկիրը փոխելու արիությունը՝ դառնալու առավել ժողովրդավարական»։
Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։