1lurer.am: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուի ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացվեց 450 մլն դրամ: Այդ մասին որոշումը կայացվեց Կառավարության օգոստոսի 24-ի նիստին:
Անդրադառնալով ծրագրին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ծրագրով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն տրամադրել, ապա ընդգծեց, որ ժամանակին ծրագրով նախատեսվող միջոցները չէին ծախսվում, հիմա նախատեսվող միջոցները չեն բավականացնում:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում առիթ ունեցել է սեփական աչքերով տեսնել 16 մլն դրամի ծրագրով սահմանամերձ բնակավայրերում կառուցվող բնակարան:
«Հետաքրքիր էր, որ այդ բնակարանը մեր ծրագրում չկար: Ես ուղղակի պատահական հարցրի, թե այնտեղ ինչ եք կառուցում: Այդ մարդն ասաց, որ Կառավարության ծրագրով տուն են կառուցում, և դա շատ հաճելի էր: Այնտեղ մարդիկ բարձրացրին հարցերը, խոսքը երկրորդ գրավի մասին էր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ավելի ուշ իրեն զեկուցել են, որ երկրորդ գրավի պայմանն արդեն հանվել է: