armeniasputnik.am: Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում է Թուրքիայի հետ։ Այս մասին, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:
Նախարարության մամուլի ծառայությունից նշել են, որ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից։
«Ներկայումս ընթանում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,- նշված է պատասխանում։
Վերոհիշյալ պայմանագրի և նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների տևողությունը 16 ամիս է։
Հիշեցնենք, որ Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս առաջացել է մոտ 400 հա մակերեսով կղզի: Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ պատվար՝ գետի ջրերը նախկինին վերադարձնելու համար: