armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարարությանը, թե Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը։
«Այսօր Ադրբեջանի նախագահը բողոքել է, որ Հայաստանը Ադրբեջանի առաջարկած փաստաթղթից հանել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը: Մինչդեռ նա չի ասել, որ «անջատողականություն» բառը միջազգային-իրավական տերմին չէ և չունի հաստատված միջազգային-իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ: Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն և պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակում այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը ապագայում: Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնել բազմակի մեկնաբանություն ունեցող ձևակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերից մեկի մեկնաբանության համաձայն՝ համաձայնագիրը խախտվել է»,- գրել է Մարուքյանը։