Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 59 000 շահառու․ նոյեմբեր ամսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է 2 մլրդ 230 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, որի դիմաց վճարվել է շուրջ 185 մլն դրամի չափով հետվճար։
Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարում են գործարքներ։ Վերջիններիս տրամադրվում է հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը։
Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։