Երեկ երեկոյան՝ ժամը 21։00-ին, Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, որտեղ քննարկվել են 3 քաղաքացիներին առեւանգելու միջադեպը և ստեղծված իրավիճակը։
ԱԺ նիստը գումարվել է Արցախի բնակիչների պահանջով, որոնք հավաք էին իրականացնում ԱԺ շենքի դիմաց։
Վերածննդի հրապարակում 5-ից ավելի ժամ անց խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել Արայիկ Հարությունյանը։
Արցախցի լրագրող Տաթեւիկ Աղաջանյանը ներկայացրել է, թե ինչ է Արայիկ Հարությունյանը ասել.
«Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված պատանիների հարցով բարի լուր ունի, որը կհայտնի վաղը առավոտ ծնողներին։
Հետո փորձեց հացի խնդրի մասին խոսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։
Մի պահ բարձրախոսին մոտեցավ Տիգրան Պետրոսյանը, բայց ներկաների սուլոցներից հետո նա հեռացավ։
Հետո Արայիկ Հարությունյանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխան չլսեցի»,- գրել է Աղաջանյանը։
Լուսանկարը՝ Տաթեւիկ Աղաջանյանի էջից