armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի ուղղությամբ հերթական սադրանքին։
«Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում»,- գրել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:
Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: